ՓՄՁ աշխատանքային խմբի հանդիպում

ապրիլ 18, 2019|Հանդիպումներ

Ապրիլի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքային խմբի հանդիպումը:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ծրագիրը և ծրագրի շրջանակներում Հայկական բիզնես կոալիցիայի կողմից մշակված ՓՄՁ ոլորտի գնահատման հետազոտությունը Հայաստանում 2018 , որն անցած տարվա աշնանը ներկայացվել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
«Մենք գիտենք, որ այժմ ընթացքի մեջ է ՓՄՁ զարգացման 2019-21 թթ ռազմավարությունը, և խնդրել ենք, որպեսզի ներկայացվի, թե այժմ ինչ վիճակում է այն գտնվում»,-նշեց նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ՓՄՁ ռազմավարությունն այժմ ակտիվ քննարկման փուլում է գտնվում և շատ կարևոր է քաղհասարակության դիրքորոշումը և մասնավոր գործընկերների կարծիքներն այն մասին, թե որոնք պետք է լինեն առջնահերթություններ, միջոցառումները և այլն:
«Իրականացված վերլուծությունն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել ռազմավարության վրա: Այսպես մենք որոշում էինք, թե հիմնական որ ուղղություններին է աջակցելու պետությունը՝ ՓՄՁ զարգացմանը ՀՀ-ում և որոնք են ՓՄՁ առաջնահերթությունները»,-նշեց փոխնախարարը: