«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի բյուջեն կազմում է 2.222.256 եվրո, որի 2.000.000 եվրոն տրամադրում է Եվրոպական միությունը: 

Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են`

1. Հանրային ֆինանսների կառավարում

2. Մարդու իրավունքներ 

3. Արդարադատություն

4. Բիզնես

5. Կրթություն

6. Գյուղատնտեսություն

7. Տնտեսություն

8. Էներգետիկա 

9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ծրագրի շրջանակներում 9 թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար ուսուցումներ են կազմակերպվելու հետևյալ թեմաներով՝ պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրների հատկորոշում, ըստ դրանց՝ հանրային քաղաքականությունների վերլուծություն և մշակում, կոալիցիաների կառուցում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, որոնք զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում:

Այնուհետև, պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերով համատեղ վեր են հանվելու 9 թիրախային ոլորտներում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով մշակվելու են վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված հանրային քաղաքականություններ: