«Մեզ համար անընդունելի է ծրագրերից շատերում տեղ գտած անորոշ արտահայտությունների շարքը». ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ

 

B4B.am-ի զրուցակիցն է  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ 

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոսում են ՓՄՁների, ՓՄՁ ոլորտի խնդիրներիմասին։ Հետևելով նրանց ծրագրերին և ելույթներին՝ որքանով են նրանք իսկապե՞ստեղյակ են՝ ինչ է կատարվում ոլորտում։

– Տեղյակ են, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ իմ խորին համոզմամբ` կան հարցեր, որոնց մասին վախենում են բարձրաձայնել, վախենում են դրանց լուծման ծրագրեր առաջարկել՝ հասկանալով, որ դա չեն կարող։ Ամեն դեպքում, մեզ համար շատ անընդունելի է ծրագրերից շատերում տեղ գտած այդ անորոշ արտահայտությունների շարքը` ՓՄՁ զարգացում, ՓՄՁ-ներին հարկային արտոնություններ և այլն։ Դրանք ոչինչ չասող արտահայտություններ են. մենք շատ կուզենայինք ծրագրերում տեսնել կոնկրետ, առարկայական գործողություններ, թե որ օրենքում ինչ փոփոխություն են անելու, որպեսզի կոնկրետ այս կամ այն ՓՄՁ-ին վերաբերող հարցը լուծվի և ինչպես։ Մեկ-երկու քաղաքական ուժերի ծրագրերում տեսել ենք մեկ-երկու կոնկրետ առաջարկություններ, դրանք համարում են ավելի ռեալիստական, քան ընդհանուր առմամբ, որպես մոդայիկ արտահայտություն ՓՄՁ զարգացում գրելը։

Նախքան ծրագրեր կազմելը, խնդիրներ ձևակերպելն ու լուծումներ առաջարկելընրանք հանդիպել և քննարկե՞լ են այդ ամենը ոլորտի ներկայացուցիչների հետ։ Օրինակ,ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի հետ հանդիպում եղե՞լ է։

– Շատ կարևոր հարց եք տալիս։ Մեր կառույցի հետ և համենայն դեպս մեր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների հետ նմանատիպ հանդիպումներ չեն եղել։ Մենք այդպես էլ չկարողացանք այդ մշակույթը ձևավորել։ Դա գալիս է նրանից, որ պատգամավորության թեկնածուների կարող եմ ասել ընդգծված մեծամասնությունը չգիտի իր անելիքները՝ թե՛ նախկինում, թե՛ հետագայում։ Նրանց համար լրիվ բավարար է, երբ ԱԺ է բերվում ՓՄՁ-ին վերաբերող մի նախագիծ, և, օրինակ, զեկուցողը ասում է` քննարկել ենք դաշտը ներկայացնող կառույցների հետ։ Նրանք ինքնուրույն չեն փորձում մտնել տվյալ նախագծի խորքային դրությների մեջ, իրենք հանդիպումներ չեն կազմակերպում և նոր միայն քվեարկում կողմ կամ դեմ։

Մենք չկարողացանք ձևավորել անընդհատ գործող երկխոսության մեխանիզմներ գոնե ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովի հետ։ Ավելին ասեմ, այսօր ծիծաղելի է, երբ շատ հայտնի և ուժեղ կուսակցությունների որոշ կառույցներ խոսում են ՓՄՁ-ներին աջակցության մասին, ինչ որ լղոզված արտահայտություններ են անում, բայց երբ ետ ես նայում նրանց գործունեությունը, դուրս ես բերում այն նախագծերը, որոնք խնդիրներ են առաջացրել հենց ՓՄՁ-ների համար, պարզվում է՝ նրանք կողմ են քվեարկել այդ նախագծերին։ Սա էլ արդեն հստակ պատկեր և հիմնավորում է։ Հուսով եմ՝ մեր ՓՄՁ ներկայացուցիչները գոնե հասկանում են, որ այդ արտահայտություններից բացի պետք է նայեն ԱԺ-ի կայքում տեղադրված այն նախագծերը, որոնց կողմ են քվեարկել այդ կուսակցությունները, իսկ այսօր մեծ-մեծ խոսոտումներ են տալիս. դրանով իսկ կկարողանան ավելի ճիշտ ընտրություն կատարել։

Շատերը խոստանում են հարկային արտոնություններ տալ ՓՄՁին կամ մինչև որոշակիշրջանառություն ունեցողներին ընդհանրապես որոշ ժամանակով ազատել հարկերից։ Դա՞է այսօր ՓՄՁին խոչընդոտող հիմնական գործոնը։

– Սա էլ է զավեշտ` ի՞նչ է նշանակում հարկային արձակուրդ կամ արտոնություն։ Հավատացեք, վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում ներդրված թե՛ հարկային արտոնությունների, թե՛ այլընտրանքային հարկային ռեժիմները այսօր շատ ավելի լավն են և բարենպաստ պայմաններ են ապահովում սկսնակ և գերփոքր բիզնեսի համար, քան մի շարք այլ երկրներ։ Ես խոսում եմ փոքր բիզնեսի հենց բիզնես արդյունքի հարկերի մասին։ Հարցրեք ՓՄՁ ներկայացուցիչներին՝ նրանց համար ծա՞նր բեռ է, ասենք, շրջանառության 3,5 կամ 1,5 տոկոս հարկը։

Այլ հարց կլիներ, եթե այդ ծրագրերում տեղ գտներ առաջարկություն՝ վերանայել աշխատավարձից բխող հարկերը նվազեցման ուղղությամբ, որը վերջին հաշվով էլի ծանրանում է փոքր բիզնեսի վրա, և նա խուսափում է աշխատաողներին գրանցելուց։ Կամ, օրինակ, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ լինեին։ Սակայն, իհարկե, դրանց մասին այսօրվա քաղաքական կառույցներից շատերը չեն կարող խոսել, քանի որ իրենք իսկ ժամանակին չեն ընդվզել Հարկային օրենսգրքի ընդունման դեմ։

Կամ կոռուպցիայի դեմ պայքարում հստակ առաջարկություններ անեին, ասենք, մեկ տարվա ընթացքում ֆունդամենտալ փոխել պետական աշխատողների առնվազն 80 տոկոսին, կամ հստակ մեխանիզմներ առաջարկել, որոնք թույլ կտան վերահսկել, հարկ եղած դեպքում՝ պատժել պետական աշխատողներին իրենց անգործություն համար։ Կամ (որ ավելի շատ է մտահոգում հենց փոքր բիզնեսին) առաջարկել պետական հովանավորչության դեմ պայքարին ուղղված քայլեր, մաքսային ներմուծումների՝ տարիներից եկող խնդրի դեմ քայլեր, պետական գնումներում հայկական ապրանք արտադրողին աջակցող նախաձեռնություններ, գյուղմթերքի արտադրանքի սպառման համար հստակ առաջարկություններ։

Բիզնեսի հարկերը փոքր բիզնեսի համար մեծ բեռ չի, կան շատ ավելի լուրջ ու խանգարող խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս Փոքր բիզնեսին մեր երկրում հավասար մրցակցային պայմաններում աշխատել, աճել։ Կարճ ասած, այդ խնդիրների լուծմանն ծրագրային կոնկրետ քայլեր կուզենայի տեսնել, այլ ոչ թե էմոցիոնալ արտահայտություններ։

 

 

 

 

 

 

 

http://b4b.am/archives/news/%D5%B4%D5%A5%D5%A6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%A1%D5%B6%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *