«Մաքսային թերհայտարարագրումներ, կոռուպցիոն մեխանիզմներ, հովանավորչություն, անհասանելի պետական գնումներ… ի՞նչ խնդիրներ են մնում հին տարվանից»

 

168.am-ի զրուցակիցն է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը

– Պարոն Ավագյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին, ի՞նչ դրական և ի՞նչ բացասական արդյունքներ կարող եք արձանագրել, որքանո՞վ են դրանք հաղթահարվել կամ նպաստել բիզնեսի զարգացմանը։

– Ցավով պետք է արձանագրենք, որ անցնող տարին կորուստների և անկման տարի էր: Թվում է, թե տնտեսական ձեր հարցադրումներից շեղվում եմ, բայց ոչ: Մենք ունեցանք ևս մեկ սև Ապրիլ, որը փոթորկեց մարդկանց ոգիները, անդորրն ու առօրյան: Ամիսներ հետո էլ մենք ունենք մարդկանց մի մեծ խումբ, որոնց դեռ տանջում են այդ օրերի հետ կապված անարդարությունների «ինչու»-ների, «ինչպես»-ների և այլ հարցերի պատասխանները: Չգտնելով այդ հարցերի պատասխանները՝ Հայ մարդը թևաթափ է լինում, կռիվ է տալիս ինքն իր Հայի և մյուս՝ միայն անձնագրով հայու, տեսակի հետ…: Կարծում եմ, որ մարդկային կյանքի գնով վճարված այս դասից հետ մենք իրավունք չունենք՝ ամեն ապրիլյան ապտակից տասը օր հետո մոռանանք ամեն ինչ ու նստենք խնջույքի սեղան:

Նոր բան ասած չեմ լինի, որ նման ծանր իրադարձություններն ուղղակի ազդում են նաև տնտեսական ակտիվության, բիզնեսի տրամադրության վրա: Դրանից հետո սկսվեց բարձրաձայնվել կոռուպցիոն խնդիրների մասին: Հասարակական կառույցների, փորձագետների կողմից նորից դրվեցին սեղանին բազմաթիվ գործող կոռուպցիոն մեխանիզմների մասին վերլուծություններ, տեղեկանքներ՝ պետական գնումների ոլորտում, արտոնյալ հարկատուների, հովանավորչական բիզնես մոդելների և այլ: Կոնկրետ, հիմնավորված օրինակներ ներկայացվեցին նախորդ վարչապետին, բայց, ավաղ, կոնկրետ լուծումներ ու տեղաշարժեր այստեղ չունեցանք:

Միակ դրական շարժը հակակոռուպցիոն միջոցառումներում կարող ենք արձանագրել բոլորովին վերջերս ընդունված օրենքի փոփոխությունն ապօրինի հարստացման մասով, որը դեռևս նախորդ կառավարության և հասարակական կառույցների հետ երկարատև համատեղ աշխատանքի արդյունք էր: Բայց ինձ համար նմանատիպ միջոցառումները քիչ արդյունավետ են, այսինքն՝ սրանք հետևանքների դեմ պայքար է, ինչպես, օրինակ, նորից այս օրերին ընդունված «1000 դրամների» նախագիծը: Մինչդեռ մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք պատճառները վերացնելու համար՝ կանխենք ապօրինի հարստացումները, ոչ թե հետո պատժենք, ուժեղացնենք մեր բանակը, ոչ թե հետո զոհերի ընտանիքներին մխիթարենք:

Մինչ այս պահը, եթե ետ նայենք, թե կոնկրետ ինչ է փոխվել հենց գերփոքր բիզնեսի կյանքում, պետք է ասեմ, որ՝ համարյա թե ոչինչ: Այն հարցերը, որ բազմիցս բարձրաձայնել ենք, մասնավորապես՝ մաքսային թերհայտարարագրումներ, այդտեղ գործող կոռուպցիոն մեխանիզմներ, հարկային վարչարարության կամայական մոտեցումներ, հովանավորչություն, անհասանելի պետական գնումներ, արտահանման խնդիրներ և այլն, մնացել են ցանկության, հայտարարության մակարդակի վրա:

Բիզնեսի կյանքի համար կարևոր իրադարձություն էր, իհարկե, Հարկային օրենսգրքի ընդունումը, որի՝ այդ տեսքով ընդունումը վատ ընկալվեց բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից: Նրանց առաջարկությունների մի մեծ ու կարևոր մաս մնաց անտեսված:

Կառավարության փոփոխությունը նույնպես կարևոր իրադարձություն է բիզնեսի համար: Այս մասին էլ ենք խոսել, երբ բիզնեսը, որպես նոր կառավարություն, լսում է նոր փոփոխությունների պատրաստակամության հայտարարություններ, խոստումներ, բայց հենց առաջին մաքսազերծման գործարքի ժամանակ այդ գունավոր պատկերը հօդս է ցնդում: Սա բերում է բացասական սպասումների, ցնցումների և այլն:

Այնուամենայնիվ, մենք՝ հասարակական կառույցների հետ համատեղ ուժերով, մի քանի օրենսդրական փոփոխությունների կարողացանք հասնել: Դրանցից կառանձնացնեմ տեղական տուրքերի փոփոխությունները, որով փոքրերն ավելի քիչ են վճարելու ծխախոտի, ալկոհոլի և հանրային սննդի թույլտվության վճարները 2017թ.-ի համար, քան մեծերը։ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի փոփոխությունը, որով փոքր-ինչ ապաքրեականացվում են տնտեսական խախտումները, այս հոդվածն ավելի քիչ կծառայի հարկային մարմինների ձեռքին՝ որպես հարկահավաքման, վախ գործադրելու գործիք: Այս հարցերը բազմաթիվ քննարկումներ են անցել 2011թ.-ից վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդում և վերջապես լուծում ստացան: Բայց, հուսով եմ, պատկերացնում եք, թե որքան դժվար է, որ այս հարցերով հաջողության հասնելու համար 2-4 տարվա հետևողական պայքար է մղվել: Հենց սրանք վառ օրինակներ են, երբ նույն բանը մի քանի տարի պնդում են հասարակական կառույցները, և անձերից կախված՝ հարցի լուծումն այսքան երկարաձգվում է:

Տարվա դրական ձեռքբերումների շարքից կարող եմ նաև նշել, որ ինձ համար ուրախալի է, որ այս տարի հայկական menu.am-ը մտավ բելառուսական շուկա, այլընտրանքային էներգիայի մասով դրական տեղաշարժեր եղան, կարողացան հայկական կաշվի արտադրությունը, հայկական «Արկոլադը», չիրը, թեյը, թեև՝ դեռևս փոքր քանակներով, հասցնել լոնդոնյան շուկա:

Եվ պետք է շնորհակալություն հայտնեմ հայկական փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որ նրանք, անկախ բոլոր դժվարություններից, շարունակում են ստեղծել համախառն ներքին արդյունք, նոր աշխատատեղեր, շենացնել մեր երկիրը: Կեցցեն հայկական ապրանք արտադրողներն ու արտահանողները, նրանք մեր բոլորի հպարտությունն են: Ես ինքս բիզնեսից եմ եկել հասարակական դաշտ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչքան դժվար է և անարդար՝ առանց հովանավորչության նոր բիզնես, աշխատատեղեր ստեղծել: Դա ամենօրյա գոյի պայքար է, հավատացե՛ք:

Շնորհավորում եմ հայկական ՓՄՁ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եվ ինչպես մեր մեծերն էին ասում՝ սկսվող տարին անցկացնենք առանց մարդկային անմեղ ու անժամանակ կորուստների:

Մենք ուժեղ ենք, աշխատասեր, ստեղծարար: Պարզապես ընդունենք մի պարզ բան, մեր երկիրը պանելներով քանդել են, հիմա մենք պետք է միասնական ջանքեր գործադրենք մեր երկիրը փոքր աղյուսներով, հատ առ հատ վերանորոգելու, կառուցելու համար: Երբ մենք մեր կառավարությունից պահանջում ենք կոնկրետ գործնական քայլեր, կարծում եմ, արդարացի կլինի, որ մենք ինքներս էլ, բողոքելուց բացի, անցնենք կոնկրետ գործնական քայլերի: Բացի բիզնեսով զբաղվելուց, շատ կարևոր է, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչն իր կյանքի ժամանակից որոշակի հատված, ռեսուրս հատկացնի հասարակական գործունեությանը՝ աղյուսներով պետական շինարարությանը:

«Մաքսային թերհայտարարագրումներ, կոռուպցիոն մեխանիզմներ, հովանավորչություն, անհասանելի պետական գնումներ… ի՞նչ խնդիրներ են մնում հին տարվանից»

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *