«2017 թվականին մեզ պետք են կոնկրետ առարկայական քայլեր, կադրային լուրջ փոփոխություններ». Հակոբ Ավագյան

«Ընտրական պրոցեսները սառեցնում են բիզնես ակտիվությունը՝ պայմանավորված անորոշ սպասումներով: Բայց այդ պրոցեսները միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս նոր խոստումներ ու հանձնարարականներ կորզելու, նախկինում տվածները կատարել պահանջելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե 2017թ. ի՞նչ ակնկալիքներ կան, ընտրական պրոցեսներն ինչպե՞ս կազդեն ՓՄՁ վրա, և ի՞նչ է հարկավոր անել բիզնեսը խթանելու համար։

Ըստ նրա՝ դեռ շարունակվում են քննարկումներն ընդունված Հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթների շուրջ, վարչապետի հանձնարարականի համաձայն, մի քանի հասարակական կառույցներով առաջարկություններ են ներկայացրել ՓՄՁ-ին վերաբերող դրույթների մասով. «Ի պատիվ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ պետք է ասեմ, որ նրանց հետ աշխատանքային քննարկումներն ու բանավեճերը բավականին արդյունավետ և ադեկվատ են անցել: Հիմա տեսնենք՝ մյուս գերատեսչությունների հետ ինչպես կստացվի: Եթե որոշ դրույթների մասով կոնսենսուսի գանք, ապա հաջորդ տարի կկարողանանք փոփոխել Հարկային օրենսգիրքը»։

Հ. Ավագյանի խոսքով՝ սպասումներ ունեն նաև կառավարության ծրագրում տեղ գտած բիզնես օմբուդսմենի գրասենյակի ներդրման միջոցառումների մասով.

«Քանի որ այս կառավարության հետ ևս ստացվել է հարթել երկխոսության ճանապարհները, վստահ եմ, որ որոշ հաջողություններ կգրանցենք օրենսդրական փոփոխությունների մասով հաջորդ տարում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ նոր ձևավորված կառավարության համար այս ժամանակը բավարար էր՝ դիրքավորվելու, պատկերն ավելի լավ հասկանալու, հայտարարություններ անելու, ծրագիր կազմելու, ճիշտ ու սխալ կադրեր ընտրելու և այլնի համար: Տարվա սկզբից մենք արդեն ականատես պիտի լինենք կոնկրետ քայլերի, որի մասին փոքր արտադրողը, ներմուծողը, ծառայություն մատուցողն իր մաշկի վրա պիտի զգա: Տեսնենք, եթե օժտված են քաղաքական կամքով, ապա բոլոր խելոք տնտեսական լուծումներն արագ կյանքի կկոչվեն: Սկսվող տարում մեզ պետք են կոնկրետ առարկայական քայլեր, կադրային լուրջ փոփոխություններ»:

«2017 թվականին մեզ պետք են կոնկրետ առարկայական քայլեր, կադրային լուրջ փոփոխություններ». Հակոբ Ավագյան

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *