«Իշխանափոխություն»՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայում

 

Փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ամենաակտիվ կազմակերպություններից մեկը՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան, երեկ անցկացրեց իր 3-րդ տարեկան համագումարը։

Ասոցիացիայի խորհրդի անդամների բաց քվեարկությամբ՝ կառույցի նոր նախագահ ընտրվեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Ուշագրավն այն է, որ վերջինիս թեկնածությունը առաջադրեց ասոցիացիայի արդեն նախկին նախագահ Հակոբ Ավագյանը։ Նա նշեց, որ իր համար սկզբունքային հարց է, որպեսզի իրենք չնմանվեն որոշ «մարդ-կառույցների», այլ հակառակը՝ կազմակերպությունը կայանա որպես համակարգ՝ անկախ անձերից։

Ինչպես կատակով նշեց ներկաներից մեկը, սա այն եզակի դեպքերից է, երբ Հայաստանում իշխանության փոփոխություն է տեղի ունենում ընտրությունների միջոցով։

Նշենք, որ Արտակ Մանուկյանը երկար տարիներ աշխատել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնում և պետական գնումների համակարգի լավագույն փորձագետներից է։ Վերջին շրջանում նա հանդես էր գալիս որպես անկախ փորձագետ։  Հակոբ Ավագյանը կշարունակի մնալ ասոցիացիայի խորհրդի կազմում։

Համագումարի ընթացքում ամփոփվել են վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք կամզակերպչական հարցեր, փոփոխություններ են կատարվել կանոնադրության:

Հակոբ Ավագյանը իր ելույթում նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի անդամների թիվը 7-ից դարձել է 620:  Աշխատել են օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ՝ պայքար են մղել ՓՄՁ-ին ծանր կացությամբ մեջ դրվող օրենսդրական փոփոխությունների դեմ, մշակել և կառավարությանն են ներկայացրել իրավական նորմերի վերաբերյալ առաջարկություններ:

Նա հատկապես կարևորեց երկխոսությունը կառավարության հետ. եթե դադարում է երկխոսությունը կառավարության և բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ, բիզնեսի ներկայացուցիչները փողոց են դուրս գալիս, բողոքի ցույցեր կազմակերպում:

Հակոբ Ավագյանը միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնեց ՓՄՁ ասոցիացիայի զարգացման գործում ներդրում ունեցող անձանց և ՓՄՁ խնդիրների լուսաբանումը կարևորող ԶԼՄ ներկայացուցիչների:

Նշենք նաև, որ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ է ընտրվել նաև B4B.am կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը։ Նա իր խոսքում նշեց, որ ասոցիացիայի անդամ հանդիսացող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար անվճար կմատուցվեն B4B PRO համակարգի որոշ ծառայություններ ։

http://b4b.am/archives/news/%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D6%83%D5%B4%D5%B1-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *